ՆորություններԵՐԿԱՐ ՍՊԱՍՎԱԾ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՆԱՐԵ ՄԿՐՏՉՅԱՆԻ ՀԵՏ ԿԱՅԱՑԱՎ
Առաջին անգամ, երբ 2016 թվականին «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնում ցուցադրվեց Հայաստանում ծնված ամերիկաբնակ ռեժիսոր ՆԱՐԵ ՄԿՐՏՉՅԱՆԻ վավերագրությունը՝ «ՏԱՆ ՄՅՈՒՍ ԿՈՂՄԸ» ֆիլմը, հանդիսատեսի մոտ անչափ մեծ էր ցանկությունը հանդիպել ֆիլմի ռեժիսորի հետ, զրուցել ֆիլմից, ֆիլմի բացառիկ հերոսներից և այլն:
Չէ՞ որ Նարե Մկրտչյանի ֆիլմը Հայաստանում ծնված ամերիկաբնակ առաջին ռեժիսորի ֆիլմն էր, որ հայտնվել էր Օսկարի shortlist-ում և խոսում էի Հայոց Ցեղասպանության մասին: Ավելին՝ Հայոց Ցեղասպանության մասին խոսում էր նաև Նարեի թուրք հերոսուհին, որի պատմությունը ֆիլմի առանցքային գծերից մեկն էր:
Եվ ահա, օգտվելով Նարեի Հայաստանում գտնվելու պատեհությունից, Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության Կինոյի տանը ցուցադրվեց «ՏԱՆ ՄՅՈՒՍ ԿՈՂՄԸ» ֆիլմը, որին ներկա եղավ ռեժիսորը և զրուցեց հանդիսատեսի հետ, պատասխանեց բազմաթիվ հետաքրքրական հարցերի:
Ինչպես և սպասվում էր, մեծ էր հանդիսատեսի հոսքը, և «Տան մյուս կողմը» հայ ռեժիսորի վավերագրությունը միաժամանակ ցուցադրվեց Կինոյի տան երկու դահլիճներում, որից հետո հանրահայտ ԲՈՒԽԱՐՈՒ ՍՐԱՀՈՒՄ մինչև ուշ երեկո կայացավ հանդիսատեսի զրույցը ռեժիսորի հետ:
Նարե Մկրտչյանը բացառիկ հետաքրքիր դրվագներ ներկայացրեց նկարահանումներից, թուրք հերոսուհու հետ հանդիպումներից, Թուրքիա կատարած իր այցելությունից ու շատ զգացմունքային դրսևորումներով խոսեց ընդհանրապես իր զգացողությունների, ֆիլմի անցած ճանապարհի մասին:
Հանդիպմանը ներկա էր նաև Նարեի հայաստանյան փոքրիկ հերոսուհիներից մեկը, որը նկարահանվել էր ֆիլմում և շատ վարպետորեն էր խաղացել իրեն վերապահվածը:
Բոլոր նրանք, որ ներկա էին հանդիպմանը, վստահ ենք, որ իրենց հետ տարան անփոխարինելի տպավորություններ:
14.10.2019