pt:page_news_item, lang:arm
ՆորություններՀԱՅԿԱԿԱՆ ԿԻՆՈՅԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ «ՇՐՋԱՅՑԸ»
Արևելյան Եվրոպային սահմանակից երկրների կինոյին նվիրված՝ «Կամուրջներ. Արևելքից Արևմուտք՝ կինոօրեր» նախագծի շրջանակներում հայկական կինոյի տարբեր սերնդի կինոռեժիսորների՝ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ, ԴԱՎԻԹ ՍԱՖԱՐՅԱՆԻ, ԴԻԱՆԱ ԿԱՐԴՈՒՄՅԱՆԻ, ՍԵԴԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ, ՎԱՀԱԳՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ կինոն ներկայացվել է Եվրոպացի հանդիսատեսին:
 
Եվրոպական լավագույն կինոմիջավայրերից մեկում՝ Բրյուսելի BOZAR CINEMA հանրահայտ կենտրոնում, Եվրոպական հասարակությանը ներկայացած հայ կինոն և կինոգործիչները լավագույնս խորհրդանշում են միջմշակութային գործակցության և մշակույթների երկխոսության վստահելի կամուրջը:
 
Սա հայ մշակույթը Եվրոպայում ներկայացնելու և հայ ժամանակակից կինոն Եվրոպացի հանդիսատեսին հրամցնելու լավագույն միջոց է, որի համար ջանք չի խնայել նաև ՀԲԸՄ-ն, որը Եվրոպայում BOZAR-ի լավագույն գործընկերներից է:
 
Եվրոպացի հանդիսատեսը հնարավորություն է ունեցել դիտելու Հարություն Խաչատրյանի մեծ ճանաչում ունեցող «ՍԱՀՄԱՆ», Դավիթ Սաֆարյանի՝ «ՏԱՔ ԵՐԿԻՐ, ՑՈՒՐՏ ՁՄԵՌ», Սեդա Գրիգորյանի՝ «ՃԱՆԱՊԱՐՀ ԴԵՊԻ ՏՈՒՆ», Դիանա Կարդումյանի՝ «ՏՈՄԲԵ», Վահագն Խաչատրյանի՝ «ԼՈՒՍԻՆԸ, ԱՐԵՎԸ ԵՎ ՀՐԱՑԱՆԱԿԻՐՆԵՐԸ» ֆիլմերը:
 
Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ Հարություն Խաչատրյանը Ռոտերդամի փառատոնի հրավերով ներկա է լինելու նաև Ռոտերդամի միջազգային կինոփառատոնին:
 
Հիշեցնենք, որ Ռոտերդամի միջազգային 48-րդ կինոփառատոնի առանցքային նախագծերից մեկը Սերգեյ Փարաջանովի ՆՌԱՆ ԳՈՒՅՆԸ ֆիլմի հիմնական մոնտաժում չօգտագործված կադրերի վերականգնված հատվածներով ինստալյացիան է լինելու և փառատոնի գլխավոր ծրագրերից մեկը՝ «Կինոյի տաճարը» նվիրվելու է Սերգեյ Փարաջանովին:
23.01.2019