pt:page_news_item, lang:arm
ՆորություններՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ ՄԵԿ ՏԱՐՎԱ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ
Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունում կայացավ միության վարչության նիստը, որի ընթացքում կինեմատոգրաֆիստների միության նախագահ Հարություն Խաչատրյանը վարչության անդամներին ներկայացրեց այդ պաշտոնում իր ընտրվելուց հետո անցած մեկ տարում կատարված աշխատանքի՝ ՄԵԿ ՏԱՐԻ ԱՆՑ վերնագրված հաշվետվությունը:
 
Ավելի քան 80 էջից բաղկացած հաշվետվությունում մանրամասնորեն ներկայացված էին բոլոր այն աշխատանքները, որոնք տարբեր ուղղություններով իրականացվել են անցած մեկ տարում՝ սկսած վերաբացված կինոյի տան դռներից, մինչև կինոցուցադրումների, կինոքննարկումների, կինոբանավեճերի հանգամանալից ներկայացում, Կինոյի տան մեծ դահլիճի նորոգում 43 տարի անց, փոքր կինոսրահի և Բուխարու սրահի աշխատանքների վերականգնում, պրոֆեսիոնալ գիլդիաների ստեղծում, փառատոնային շարժման ֆոկուսացում Կինոյի տանը, շինարարական, սոցիալական, երիտասարդական նախագծերի իրականացում և այլն:
 
Վարչության անդամները գոհունակությամբ խոսելով իրականացված աշխատանքների մասին, միաժամանակ խոսեցին նաև Կինոյի տան մեծ դահլիճի նորոգումից հետո այն կինոցուցադրման գերժամանակակից տեխնիկայով հագեցնելու, կինոդիտման ժամանակակից պայմաններ ստեղծելու, արդյունքում՝ Կինոյի տան մեծ դահլիճը երևանյան խոշոր մշակութային կենտրոնի վերածելու անհրաժեշտության մասին:
 
Հարց բարձրացվեց նաև մինչ Ազգային Սինեմաթեքի կառուցման աշխատանքներն ամբողջ ծավալով սկսելը, միջոցներ ձեռնարկել Կինոյի տան մուտքը Խանջյան փողոցից վերաբացելու և Կինոյի տան երբեմնի ավանդույթները վերականգնելու ուղղությամբ:
 
Վարչության որոշմամբ ստեղծվեցին համապատասխան հանձնաժողովներ, որոնք կուսումնասիրեն բարձրացված խնդիրները և կներկայացնեն համապատասխան առաջարկություններ, ինչպես նաև կվերահսկեն սկսվող աշխատանքների ընթացքը:
 
Վարչության անդամները հանգամանորեն ուսումնասիրեցին նաև միության անցած մեկ տարվա ֆինանսական հաշվետվությունը:
 
Բոլոր՝ թե ֆինանսական, թե բովանդակային հաշվետվությունները կհրապարակվեն կինեմատոգրաֆիստների միության պաշտոնական կայքում և կլինեն հրապարակային:
14.12.2018