pt:page_news_item, lang:arm
ՆորություններԵՐԵՎԱՆՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐ, ԾԱՂԻԿՆԵՐ…
Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության հերթական ձեռնարկը՝ Կինոյի տունը տրամադրել ապագա արվեստագետներին, երիտասարդ ստեղծագործողներին, երեկ իր ջերմ ու տաք ցուցասրահում հյուրընկալել էր տասնյակ երիտասարդների, ուսանողների, դասախոսների, արվեստով հետաքրքրված մարդկանց:
 
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողուհի, ռեժիսոր Լուսինե Թորոսյանն այս անգամ ներկայացնում էր վավերագրական լուսանկարների ցուցահանդես՝ «30 օր Երևանում» խորագրով և բոլորին հրավիրել էր այն դիտելու:
 
Լուսինեին և ներկաներին շնորհավորանքի խոսքեր ասացին Կինեմատոգրաֆիստների միության նախագահ Հարություն Խաչատրյանը, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Դավիթ Մուրադյանը, պրոֆեսոր, կինոքննադատ Անետա Երզնկյանը՝ նշելով, որ չափազանց կարևոր է ոգևորել երիտասարդներին և ինքնարտահայտման այսպիսի հնարավորություններ տալ, օգնել, օժանդակել, կանգնել երիտասարդների կողքին:
 
Լուսինեն ևս խոսք ասաց՝ շնորհակալական խոսք, որն ուղղված էր նաև իր ընկերներին՝ լինել համարձակ, նախաձեռնող և շատ աշխատել, որպեսզի ցուցասրահում մյուս անգամ դիտենք նրանց աշխատանքները:
 
Իսկ ֆիլմ Լուսինեն խոստացավ, որ կլինի: Լուսանկարը ֆիլմի սկիզբն է:
 
Լուսանկարներն արդեն երկրորդ անգամ են ցուցադրվում Երևանում, բայց մինչ ուշ երեկո մարդկանց հոսքը չէր դադարում Կինոյի տուն՝ գինի, զրույցներ, հանդիպումներ, քննարկումներ:
 
Եվս 10 օր Կինոյի տան ցուցասրահը կներկայացնի Լուսինե Թորոսյանի 40 յուրօրինակ երևանյան պատմությունները:
 
Լուսանկարների մասին չենք պատմելու, համեցեք, դիտեք: Կինոյի տան դռներն այլևս միշտ բաց են ոչ միայն կինոյի, այլև արվեստի մյուս ներկայացուցիչների ու բոլորի առաջ:
 
Ամեն օր՝ առավոտից մինչև ժամը 17:30, սիրով սպասում ենք ձեզ:
09.11.2018