ՆորություններԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԿԻՆՈՆ՝ ԱՌԱՆՁՆԱԿԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՄԲ
Հրաշալի կինոերեկոն, որ կայացավ Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միության Կինոյի տան փոքր կինոսրահում, նվիրված էր երիտասարդական կինոյին:
Գուցե կարելի է ասել, որ ներկայացնում էին երիտասարդները, քննարկում, գնահատում, կարծիք ու տեսակետ էին հայտնում վարպետները՝ խոսակցությունը կայացնելով լավ, հրաշալի մթնոլորտում, միմյանց լրացնելու, միմյանց լսելու, մասնագիտորեն դիտարկելու, բարձրաձայն խորհելու մշակույթի միջոցով:
«Հերոսները» «Բարս Մեդիա» վավերագրական ֆիլմերի ստուդայի կողմից իրականացված «Կանայք կանանց մասին» ծրագրի մասնակիցներն էին, ովքեր բազմաթիվ աշխատարանների շնորհիվ հնարավորություն էին ունեցել զարգացնել, նկարահանել ու ավարտին հասցնել իրենց առաջին կարճամետրաժ վավերագրական ֆիլմերը:
Չորս երիտասարդ կին ռեժիսորներ՝ ՍՈՆԱ ԱՍԱՏՐՅԱՆԸ, ՄԱՐԻՆԱ ԱԴԱՄՅԱՆԸ, ԼՈՒՍԻՆԵ ԶԱՔԱՐՅԱՆԸ, ԼՈՒՍԻՆԵ ՊՈՂՈՍՅԱՆԸ, որոնք հնարավորություն էին ունեցել ստեղծելու իրենց առաջին կարճամետրաժ ֆիլմերը և հնարավորություն ունեցան դրանք ներկայացնելու հանդիսատեսին, քննարկելու դրանք կինոյի ճանաչված վարպետների հետ:
«Դուբլ 2», «Նախշուն», «Zeit Not» և «Իմ ու քո սահմանները» ֆիլմերն էին՝ հերոսները կանայք, պատմությունները՝ արդիական ու հուզիչ, կարևոր ու անհրաժեշտ, որ հանդիսատեսը դիտեց կինոռեժիսորներ ԷԴԳԱՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ, ԳԱՐԻԿ ՄԱՇԿԱՐՅԱՆԻ, կինոօպերատոր ՎԱՀԱԳՆ ՏԵՐ-ՀԱԿՈԲՅԱՆԻ, կինոյի և թատրոնի դերասան ԱՐՏՅՈՄ ԱԶԱՐՅԱՆԻ հետ:
Մինչ կինոդիտումը, նախագիծը և երիտասարդ ստեղծագործողներին ներկայացրեց կինոռեժիսոր, պրոդյուսեր, «Բարս մեդիա» վավերագրական կինոստուդիայի փոխնախագահ ԻՆԱ ՍԱՀԱԿՅԱՆԸ, իսկ երիտասարդները ներկայացան իրենց կերպով, իրենց տեսակով ու իրենց ազատությամբ:
Եվ հենց այդ ազատության մթնոլորտում էլ կինոդիտումից հետո կայացավ ֆիլմերի քննարկումը «Բուխարու սրահ»-ի անկաշկանդ միջավայրում, որտեղ երիտասարդները խոսեցին իրենց ֆիլմերի, նախընտրած թեմաների շուրջ և լսեցին կարծիքներ, տեսակետներ, գնահատականներ, որոնք կարող են շատ օգտակար լինել նրանց հետագա գործունեությունում:
Վստահ ենք, որ ազատ ու ստեղծագործ միջավայրում կայացած երեկոն, որին ներկա էին մեծ թվով երիտասարդներ, իր նպաստը կունենա, իսկ որ երիտասարդական կինոն հաջող քայլեր է անում, դրա մասին կվկայեն մեր կինոյի ճանաչված անունները, որոնց շնորհակալ ենք երեկոյին մասնակցելու և երիտասարդների հետ «աշխատելու» համար:
02.04.2021