ՆորություններԱՅՍՈՒՀԵՏ՝ ԱՊՐԻԼԻ 16-Ը ՀԱՅ ԿԻՆՈՅԻ ՕՐ
Այսուհետ ապրիլի 16-ը պաշտոնապես կնշվի որպես ՀԱՅ ԿԻՆՈՅԻ ՕՐ:
Խորհրդարանի քվեարկության արդյունքում այն ամրագրվեց «Տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում:
Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության անունից նախևառաջ խորին երախտագիտություն ենք հայտնում Ազգային Ժողովի պատգամավոր, մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԻՆ՝ Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության առաջարկությունը՝ ապրիլի 16-ը հռչակել որպես ՀԱՅ ԿԻՆՈՅԻ ՕՐ, ընդունելու, քննարկելու, նախանձախնդրորեն մինչև հաղթական ավարտ հասցնելու համար:
Երախտագիտություն ենք հայտնում Ազգային Ժողովի Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովին, բոլոր պատգամավորներին, բոլոր խմբակցությունների ներկայացուցիչներին և իր հավաքականության մեջ՝ նոր Հայաստանի Ազգային Ժողովին, շահագրգիռ քննարկումների, համագործակցության, քվեարկության համար:
Անկախ այն հանգամանքից, թե որքանով էին տարբեր տեսակետներն ու կարծիքները հայ կինոյի օր ունենալու հետ կապված, որն առողջ դիսկուրսի լավագույն դրսևորում էր, այնուհանդերձ Ազգային Ժողովը քվեարկեց հայ կինոն ու հայ կինոժառանգությունն առավել հանրայնացնելու, կինոգործիչներին առավել մոտիվացնելու, կինոյի դերը գլոբալ քաղաքականությունում առավել ընդգծելու օգտին, ինչը մեծապես կնպաստի կինոն Հայաստանի Հանրապետության զարգացմանն ու բարգավաճմանը ծառայեցնելուն:
Շնորհակալ ենք բոլոր կինոգործիչներին և հայ կինոյով մտահոգ մարդկանց՝ անկախ քաղաքական ու պաշտոնեական պայմանականություններից, նախաձեռնությանն աջակցելու համար
Փաստն արդեն իրողություն է. ԱՊՐԻԼԻ 16-Ը ՀԱՅ ԿԻՆՈՅԻ ՕՐՆ Է:
Սա դեռևս սկիզբն է: Սպասեք նոր զարգացումների: Առջևում Կինոյի մասին օրենքի ընդունումն է և մի քանի այլ նախաձեռնություններ, որոնք էական նշանակություն են ունենալու կինոքաղաքականության հարցում:
19.06.2019