ՆորություններԴԱՎԻԹ ՀԱԿՈԲՅԱՆ ՍԻՐՎԱԾ ԴԵՐԱՍԱՆԻ ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍԸ
Առաջին անգամը չէ, որ Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության կինոնախագծերը հընթացս փոխում են իրենց նախնական մտահղացումը, քանի որ դահլիճն ու հյուրը «թելադրում» են այլ մթնոլորտ ու այլ տրամաբանություն և դա խոսում է այն ազատ միջավայրի մասին, որ մեր կինոնախագծերը ստեղծում են հանրահայտ «Բուխարու սրահ»-ում:
Հերթական անգամ թատրոնի և կինոյի սիրված դերասան ԴԱՎԻԹ ՀԱԿՈԲՅԱՆԸ, որ ԿինոԶրույցներ նախագծի հյուրն էր, վիրտուոզ կատարմամբ երեկոն վերածեց շատ կարևոր մի վարպետության դասի, որը լեփ-լեցուն դահլիճը՝ և երիտասարդներով լեփ-լեցուն դահլիճը, անընդհատ «խանգարում» էր բուռն ծափահարություններով:
Դավիթ Հակոբյանը կարողացավ մի քանի ժամ շարունակ ոչ միայն խոսել կինոյի ու թատրոնի, դերասանի մասնագիտության, կինոյում ու թատրոնում դերասանի տեղի, իր անցած կյանքի ու ճանապարհի մասին, այլև մատուցեց մի դաս, որը երկար կմնա ներկաների հիշողության մեջ:
Այս հանդիպումը կարելի է նաև կայացած երկխոսություն անվանել, քանի որ Դավիթ Հակոբյանի հետ այն «հրահրեցին» կինոռեժիսոր Մհեր Մկրտչյանը, դերասաններ Գեորգի Հովակիմյանը, Արտյոմ Ազարյանը, իհարկե՝ նաև դահլիճը. երիտասարդներ, որոնք ոչ միայն հիացած էին Դավիթ Հակոբյանի ակամա վարպետության դասով, այլև բազմաթիվ հարցերով սիրված դերասանին «ստիպեցին» ոչ միայն խոսել, այլև՝ խաղալ, ցույց տալ, բանավիճել, հարցեր տալ հենց դահլիճին ու ստեղծել մթնոլորտ: Հրաշալի մի մթնոլորտ ու հրաշալի մի երեկո, որ շատ բան տվեց ներկաներին՝ հատկապես կինո ու թատրոն ուսանող, կինոյի ու թատրոնի ճանապարհ ընտրած երիտասարդներին՝ տանելով, անշուշտ, Դավիթ Հակոբյանից:
15.04.2019